Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը

Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս, բարելավվում է բիզնես միջավայրը
16.01.2014 | 13:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության որոշումներով հաստատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթը և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընհանուր նկարագիրը: Որոշումների ընդունմամբ քաղաքաշինության ոլորտում ռիսկի գնահատումը կկատարվի տվյալ կառուցապատողի կողմից կառուցվող օբյեկտի ստուգման միջոցով, իսկ որպես գնահատվող սուբյեկտ կդիտարկվի կառուցապատողը, որի գնահատականը կձևավորվի իր և տվյալ օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնող մնացած սուբյեկտների գործունեության գնահատականներից, կձևավորվի տվյալների շտեմարան` ստուգման օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ նշված հարցերը հանգամանորեն քննարկվել են, և այժմ կառավարության հաստատմանն են ներկայացվել դրանց լրամշակված տարբերակները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2015թ. հունվարի 1-ից, ուստի, վարչապետի դիտարկմամբ, քննարկումն Ազգային Ժողովում պետք է սկսել այսօր ևեթ: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», - ասել է Տիգրան Սարգսյանը:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:


Բարելավվում է զինապարտության պիտանիության ցուցանիշը


ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որը միտված է նախազորակոչային տարիքի պատանիների բժշկական հսկողության, օգնության ու սպասարկման գործընթացի բարելավմանը: Առաջին օղակում լիարժեք բժշկական հետազոտության անցկացումը հնարավորություն կտա հայտնաբերված հիվանդությունը բուժել մինչև զորակոչային տարիքը, ինչի շնորհիվ բանակը կհամալրվի առողջ կադրերով:
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են այն հանգամանքով, որ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտներից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա եկամտային հարկի գումարի հաշվին:
Կառավարությունը սահմանել է արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող գնահատման ընթացակարգերը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին պարտավորեցրել սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը:
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունը ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկություն են տրամադրում նախորդ տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ, ինչի շնորհիվ կստեղծվեն տարածական տվյալների լիարժեք և արդիական շտեմարան, ինչպես նաև մշտապես թարմացվող մասշտաբային շարքի տեղագրական քարտեզներ:
Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը:
Համաձայնագրի և պայմանագրի համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:


Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:
Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. մայիսի 14-ի կոնվենցիայի, դրան կից 1999թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Չորս տարին մեկ պետությունը զեկույց է ներկայացնում նշված կոնվենցիայի և արձանագրության իրականացման վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:


Օրենսդրական նախաձեռնություններ


Նիստում հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրինագծում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի` մայր բուհի հիմնադրման օրը, սահմանել ուսանողության օր:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ և ավելի անգամ ձեռք բերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հանգամանորեն հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:
Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:


Այլ հարցեր


Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ